Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

15 հուլ 2018 16:31

Ազատ շուկան մենաշնորհների՞ համար

Ազատ շուկան  մենաշնորհների՞ համար «Շաքարավազի շուկայում մենաշնորհ ունեցողին չենք կարող նեղել՝ շուկան ազատ է, դիմացեք»,- նշել է Դավիթ Անանյանը:
 
Այս հայտարարությունը իմ համար վերջին կաթիլն է և վարվող քաղաքականության վերաբերյալ «սիգնալ»։ Շատ վատ «սիգնալ»։

Հակամենաշնորհային պայքար՝ նշանակում է մենաշնորհ ընկերությունների բռնի տրոհում մանրների, ոչ թե նստել սպասել, թե երբ բուդկեքը Ալեքսանյանին շաքարի մրցակից կդառնան։ Տես օրինակ «Ստանդարտ Օյլ Քոմփանի», 1911թ ԱՄՆ: 
Այս իմաստով, ես չեմ ուզում քննարկել քաղաքական դրդապատճառները, սակայն մոտենում է այս կառավարության 100 օրը, նաև արդեն իսկ մոտենում է կառավարության գործունեության գնահատական տալու առաջին սիմվոլիկ ժամկետը։

Իհարկե այն ծրագիրը, որը ներկայացվեց կառավարության հաստատման ժամանակ՝ գնահատելու իմաստ չունի, և դժվար էր կառավարությունից սպասել տնտեսության թռիչք, բայց սոցիալ-քաղաքական բեկումնային քայլեր ես ակնկալում էի։
Նաև պաշտոնավարման ժամկետը լիովին բավարար է զարգացման ռազմավարության ու հիմնական ուղենիշների վերաբերյալ գնահատականներ տալու համար։

Կառավարությունը նույնիսկ իր ծրագրով հայտարարված նպատակներով, ապագա ընտրություններին գնալիս, ստանձնած խոստումներով ի զորու է կատարել այնպիսի լուրջ փոփոխություններ, որոնք անկախ այս ԱԺ-ի քվերակություններից ու օրենքներից կանխորոշելու են զարգացումը։

Տվյալ դեպքում ծրագրային հիմնադրույթը պիտի լիներ մենաշնորհային ընկերությունների տրոհման մտադրությունը, օրենքով սահմանելով կամավոր՝ բիզնեսը դիվերսիֆիկացնելու ու մենաշնորհային դիրքը հանձնելու համար ժամկետը, կամ օրենքի պարտադրանքով։ Այդ նպատակը պիտի դրվեր, ոչ թե նստել ու սպասել, թե երբ են ձևավորվելու մենաշնորհների մրցակիցները, երբ են դրանք կայանալու, իսկ մինչ այդ շարունակել ապրել մենաշնորհային, օլիգարխիկ սոցիալ-տնտեսության պայմաններում, այն հույսով, որ հեռուստացույցով ցույց տրվող քրեական գործերը բավարար կլինեն բնակչության աջակցությունը պահպանելու համար։ 
Ի վերջո, մենք այստեղ ենք հավաքվել ոչ ՔՊ-ի իշխանությունը պահպանելու համար, այն ինձ չի հետաքրքրում, այլ երկրի առաջ կանգնած խնդիրները լուծելու, արմատական սոցիալ-տնտեսական բարեփոխումներ անելու համար։

Հաջորդ ռազմավարական խնդիրն է գեր-ծանր դրամը, իսկ գերարժևորված դրամը ու տնտեսական զարգացումը իրար հակասող երևույթներ են։ Դեռ մի բառ չեմ լսել դրամավարկային քաղաքականությունից։
Այդ մեծագույն տնտեսական դիսպրոպորցիան վճռական դեր ունի ու երկրի վրա շատ թանկ է նստում։ Ընդ որում, վճարում ենք բոլորս, ստանում են էլի ներկրողները, ոչ թե արտադրողները ու արտահանողները։ Դրամի արժեզրկում լինելու է՞, թե ծանր դրամի քաղաքականությունը մնալու է։

Գերարժևորված դրամի քաղաքականության ընտրությունը էապես կանխորոշեց Հայաստանի զարգացումը տասնամյակների ընթացքում։ Ծանր դրամը խրախուսում է ներմուծումը, որը պիտի կոմպենսացվի միայն աշխատուժի արտահանումով, և նպատակ ուներ հիմնվելով 3 միլիոնանոց շուկայի վրա արագ հարստացնել իշխանության հենարանը։ «Թեթև» դրամի շուկան աշխարհի 7 միլիարդ բնակչությունն է, որովհետև խրախուսում է արտահանումը։
Մեր բիզնեսը ավարտեց իր կապիտալի սկզբնական կուտակման փուլը, բայց քանի որ դրամը մնում է գերաարժևորված, երկրում ներդրումներ չեն լինում։ Փողը աշխատեցին, իսկ դրամավարկային քաղաքականությունը չփոխվեց, մնաց 3 միլիոնանոց շուկայի ներմուծման սպասարկման վրա։ 


Այս իմաստով, դրամի փոխարժեքը, տնտեսության մոդելի ընտրության ռազմավարական զարգացման խնդիր է և ոչ մի հատվածային ինժեներա-սիլիոկանյան պրոյեկտները չեն փոխի տնտեսության մեջ գոյություն ունեցող մակրոտնտեսական դիսպրոպորցիան, արատը, ներդրված ականը։ 


Դրամի փոխարժեքը կարևորագույն խնդիր է ներդրողների համար, որովհետև իրական ներդրումները մեզ մոտ կարող են լինել միայն արտահանման հաշվարկով, քանի որ ներքին շուկան փոքր է, բայց ավաղ՝ այս հարցով դեռ ոչ մի «սիգնալ» իշխանություններից չկա։

Հին հարկա-բյուջետային քաղաքականությունը ևս մնաց, ու վարչարարության խստացումը հին դրույքաչափերով միայն վնասներ է տալիս տնետսությանը։ Արդեն իսկ խոսակցություններ կան, թե եկամտահարկի նվազեցումը պիտի փոխհատուցվի ԱԱՀ դրույքաչափի ավելացմամբ, այսինքն այն օլիգարխիկ հարկային համակարգը, որը հարկային բեռը թողնում է բնակչության վրա՝ անուղղակի հարկերի ձևով, ոչ թե կազմաքանդվելու է, այլ դեռ խորանալու է։ Ինձ պարզապես հետաքրքիր է, մեր հարկայինի «մասնագետները» երբևիցե նայել են այլ երկրների հարկային համակարգերը, կատարել ե՞ն համեմատություն մեր հարկային համակարգի հետ, որը իր ամբողջ ռեպրեսիվ բնույթով տալիս է ՀՆԱ-ի վերաբաշխման և հարկահավաքության շատ ցածր մակարդակ։ 
ՈՒղղակի կապ կա բարձր դրույքաչափերի ու ցածր հավաքելության միջև, որովհետև բարձր դրույքաչափերը հանգեցնում են կոռուպցիոն ռիսկերի, ոչ թե հավաքելիության աճին։
Հավաքելիության բարձր մակարդակը կապված է ցածր կոռուպցիոն ռիսկերից, ոչ թե բիզնեսը խեղդող դրույքաչափերից։

Նորից հաշվարկները կատարվում են պլանի տեսակետից, ու չկա այն ընկալումը, որ սանդղակը ոչ մի նշանակություն չունի, եթե մարդը որոշակի շեմից ցածր եկամուտ է ստանում՝ ստվերը մնալու է, եթե այն հաշվի չի առնում միկրոտնտեսական իրողությունները։ Եթե անհատ ձեռներեցը խորհրդանշական 1000 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ է ստանում, ապա սանդղակի դրույքաչափը կարող է լինել 15 կամ 45%, էական չէ, չի վճարելու, թաքցնելու է, վիզը ծռելու է դեպի Տյումեն, որովհետև այդ գումարով ընտանիք պիտի պահի։
Պետական ծառայողները ևս մի օր չեն աշխատի համակարգում, եթե ամսական աշխատավարձը /կամ ստվերային եկամուտը/ չլինի իրենց գնահատականով իրենց բավարար։ Եվ մեր բիզնեսը, աշխատողները չեն աշխատի Հայաստանում, եթե այլընտրանքը Ռուսաստանում կամ արդեն Վրաստանում ավելի լավն է։ 

Եկամուտները միշտ կարելի է թաքցնել, կամ արտագաղթել ու այնտեղ ստանալ այդ եկամուտները։ Ծախսերն է, որ անհնար է թաքցնել։ Հարկային համակարգը պիտի ոչ թե բիզնեսը հարկի, այլ հարստությունը։ Պետական ծառայողը պիտի բացատրի, թե ինչպես է, որ ամբողջ կյանքը պետծառայող լինելով, ստանալով 200 հազար՝ ունի միլիոնանոց ունեցվածք։
Չկա այլընտրանք մեծահարուստներին հարկային դաշտ բերելու և հարկահավաքությունը առավելապես ուղղակի հարկերով իրականացնելու։ Ինչքան էլ կեղծ նեոլիբերալ փուչիկներով դիմադրություն լինի։

Ընդամենը անհրաժեշտ է անել մի քանի որոշում.
1. Արեգելել օֆշորային ընկերությունների որևէ ձևով գործունեությունը և սեփականանության իրավունքը Հայաստանում /թող մինչև տարվա վերջ իրենց ճարը տեսնեն ու բացահայտվեն/.
2. Սահմանել սեփականության և եկամուտների համընդհանուր հայտարարագրում.
3. Սահմանել, որ պակաս ցույց տրված եկամուտը կամ գույքը ուղղակի բռնագանձվում է բյուջե.
4. Սահմանել, որ յուրաքանչյուր անձ, որը ապացույցներ կներկայացնի թաքցված եկամուտների կամ սեփականության մասին, օրենքով ստանալու է գտնված և պետությանը հանձնված գանձի 25 տոկոսը որպես պարգևատրում.
5. Սահմանել անձնական գույքի վրա գույքահարկի աճող սանդղակ, որը կզսպի ճոխության և ոչ արտադրական նպատակով ծախսերի իրականացումը.
6. Պետական ծառայողը պիտի չունենա եկամուտների և սեփականության իրավունքի մասով անմեղության կանխավարկած և այդ ունեցվածքի օրինականության ապացույցը իր պարտականությունը պիտի լինի և ոչ թե պատկան մարմինների։

Որպես ավարտական քայլ, ամերիկացիների օրինակով, օրենքով սահմանել, փախած հանցագործների /կենդանի կամ ոչ վիճակով/ հայտնաբերելու և ներկայացնելու դեպքում պատկառելի պարգևատրում հատկացնելու կարգը։
Այս պարագայում, կարելի է հանգիստ խղճով իջեցնել հարկերը՝ եկամտահարկը և ԱԱՀ մինչև միջին զարգացած երկրների սանդղակը ու դրույքաչափերը։ Տնտեսական ու հետևաբար, վարչական, քաղաքական ստվերը կարող է վերանալ միայն մեղսունակ հարկային համակարգի դեպքում, այլ՝ «պլան կատարելու» տարբերակները խնդիրը չեն լուծելու, միայն քայքայելու են այս իշխանությունը։
 
Հեղափոխությունը սա կլինի։ Մնացածը իներցիոն բզբզոց է, որ հանգեցնելու է ճգնաժամի։

Այժմ նախկին օլիգարխիկ համակարգի երեք կետերն էլ՝ մենաշնորհները, ներմուծողների շահերից վարվող դրամավարկային և խոշոր կապիտալի շահերից վարվող հարկա֊բյուջետային քաղաքականությունը դեռ մնացել է՝ ոչինչ չի փոխվել։ Ինչը նշանակում է, որ անկախ հեռուստացույցով ցույց տրվող Վանեցյանից՝ քաղաքական ռեվանշի վտանգը մնում է։ Այլ հարց է, թե երիտասարդները երբ կհասկանան, որ երկրի սոցիալ-տնտեսական բազան ու քաղաքականը պիտի գան համապատասխանության, կամ մեկն է փոխվելու, կամ մյուսը իր նպատակներին կհասնի։ Ժամանակի ու ձևի հարց է։

Արդյունաբերական քաղաքականության մասին էլի ոչինչ չի ասվել։ Մեզանում աֆրիկյան սխեման դեռ մնում է, հանքանյութ ենք արտահանում։ Նույնիսկ ոսկին դրսում է ձուլվում։ Մինչդեռ ուղղակի ժամանակացույցով պիտի արգելվեր հանքանյութի արտահանումը, որ ամեն ինչը ձուլվեր տեղում։ Հալբաթ Ամուլսարի խնդիրը հեշտանար, ու նաև նոր կհասկանայինք, թե արտահանվող հանքանյութի մեջ իրականում ինչից ինչ կա, ու ինչքանով։
Անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց, որով պիտի արգելվի սկզբից հանքանյութի արտահանումը, իսկ հետագայում զուտ ձուլվածքի արտահանումը, որպեսզի բիզնեսը կողմնորոշվի դեպի պատրաստի արտադրանքի արտադրությունը և արտահանումը։ 

Սահմանադրությունը չպիտի՞ փոխվի։ Բացի Թովմասյանի աճպարարությունից մի կարևոր խնդիր կա, որը սահմանադրության տարբեր տարբերակներից քոչում է հաջորդ տարբերակը, բայց իմ կարծիքով շատ մեծ ազդեցություն է թողել երկրի զարգացման վրա։

Գիտակցված կտրվել է քաղաքական աճի, քաղաքական գործիչների կայացման մեխանիզմը դեռ 1995թ-ին, երբ համայնքից հանրապետական մակարդակ ճանապարհը կտրվում է մարզպետի նշանակովի հանգամանքով։ Դրա համար քաղաքական գործիչները մեզանում չեն կայանում, բյուրոկրատ-կատարողներ էին պետք։ Եթե այդ կտրված շղթան վերականգնվի, ապա երկիրը ունենալու է իշխանության հավակնորդ կադրեր, էլ չեն լինելու «մարդ չկա» խոսակցությունները, իսկ թեկնածուներն էլ լինելու են արդեն կառավարման շղթան, ներքևից վերև անցած, փորձ ու հմտություններ ունեցող մարդիկ, որոնք ստիպելու են իշխանությանը աշխատել։ Կառավարումը «վերևից ներքև» սկզբունքից կվերափոխվի փոխադարձ կապի, թույլ կտա ընտրությունը կատարել հիմնվելով ոչ միայն կուսակցական, այլև գործնական հատկանիշներից։ Իհարկե, առանց մարզային եկամտային առանձին բյուջեի այդ քաղաքական կտրված սանդղակի վերականգնումը լինելու է թերի։

Անհրաժեշտ է նաև լուծում տալ Երևան քաղաքի խնդրին, որպեսզի պրոբլեմը դառնա լուծում։ Երևան քաղաքի յուրաքանչյուր քաղաքապետ խնդիր է կենտրոնական, հանրապետական իշխանության համար։ Սույն հանգամանքը կախված չէ անձերից, այլ կապված է Երևանի չափից ավելի մեծ կշռից՝ բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Տեսնում եմ մեկ լուծում. Երևանը պիտի ունենա Կառավարող խորհուրդ, իսկ քաղաքապետ պիտի չլինի։ Ռոտացիոն սկզբունքով, հերթով այդ Կառավարող խորհդրի անդամները, ամիսը մեկ պիտի կատարեն Խորհրդի նախագահի պարտականությւնները։ Մարզը-քաղաքը կունենա ներկայացուցչական կառավարում, կլինեն ընտրված անձինք, կլինի կոլեգիալ կառավարում, որը քաղաքական հարցադրումներ, կամ մրցակցություն հանրապետական իշխանության հետ չի ունենա, փոխարենը կկենտրոնանա քաղաքի հարցերի վրա։ Լավ կլուծեն, լավ լուծողներ կլինեն՝ կունենանք նաև լավ թեկնածուներ հետագա աճի համար, բայց Վարչապետ/Նախագահ/֊Երևանի քաղաքապետ դիխոտոմիան /պայքար կամ պարտադիր նույնաթիմություն/ արանքից դուրս կգա։

Սահմանադրական փոփոխությունների նպատակը նաև պիտի լինի կոլեգիալ մարմինների դերը շեշտակի բարձրացման միջոցով շտկել կառավարման խնդիրները, որոնք հատուկ են մեր երկրին։

Անել բոլոր այս և մարդկանց կողմից հնչեցրած բազմաթիվ այլ առաջարկները՝ անհնար է։ Համարենք, որ ԱԺ-ն չէր գնա այս որոշումների։ Բայց տնտեսության, բիզնեսի, քաղաքացիների համար կարևոր է լսել ռազմավարության մասին, հասկանալ ինչ է կատարվում։ Այդ մեսիջները՝ կառավարության կամ ՔՊ-ի ծրագրում, ելույթներում կարևոր են բոլորի համար, քանի որ արդեն իսկ հանդիսանում են գործունեության ուղեցույց, տալիս են պատկերացումներ, թե ինչպես գործեն՝ ամեն մեկը իր տեղում, ինչ գրել, ինչպես աշխատել մեր ընդհանուր նպատակի համար։ Եթե այդ առանցքը չկա, ապա շարժումը օբյեկտիվորեն տրոհվում է առանձին հոսանքների, առանձին օրակարգերի, որից երկիրը չի շահելու ու Անանյանի դիմանալու խորհրդին չի հետևելու։
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր