Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

27 հուլ 2018 18:11

Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ

Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. ԼուսանկարներՀայացք մամուլի ակումբում  ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը, Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ)  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը խոսեցին Սևանա լճի միկրոջրիմուռներով աննախադեպ ծաղկման և հնարավոր էկոլոգիական հետևանքների, Սևանա լճի ստորջրյա ֆրանս-հայկական գիտարշավի նպատակների ու արդյունքների, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի, ինչպես նաև լճի համար չափազանց վնասակար ազդեցությամբ ախտոտման ավելացման մասին:
 
Ստեփան Կոջայանը նշեց, որ Սևանա լճի վիճակն այս տարի մի փոքր տարբերվում է ծաղկումների պատճառով։ Դա բնական պրոցես է, սակայն այս տարի այն շուտ է եղել.«Սա մտահոգիչ է։ Տվյալները հնարավոր է նորմայի մեջ լինեն, բայց այս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա։ Սևանա լճում ծաղկում միշտ եղել է, սակայն այս տարի այդ ծաղկումը շուտ է եղել, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, հիմա հուլիսի 3-ից է սկսվել և այսքան երկար չի տևել: Պատճառները տարբեր են: Պատճառներից մեկը գլոբալ տաքացումն է՝ ձմռանը տեղումները քիչ են եղել, և լիճն ամեն տարվա նման չի սառել:  Մի քանի տիպի ծաղկումներ են, որից ամենատպավորիչը կանաչած ջուրն է, որը մակերեսին է լինում, այն տերևանման է, նույն վիճակը նաև ջրի մեջ կա: Եվ կա մինչև 10 մետր, 20 մետր խորությամբ:  
Նաև ծաղկաբույսեր են աճում, շատ են բարձրացել՝ մինչև մակերեսը և ծածկում են հսկայական տարածքներ: Եթե հետևողական աշխատանք չտարվի լիճը  կհասնի ճահճացման»,-ասաց Ստեփան Կոջոյանը, հավելելով, որ լճում պակասել են նաև ձկների ու խեցգետինների թիվը. «Սևանում կա ձկան կերի մեծ պաշար, բայց համապատասխան քանակի ձուկ չկա։ Սա ևս կարող է հանգեցնել լճի աղտոտմանը։ 
 
Տարիներ առաջ, երբ սուզումներ Էինք կատարել, լճում բավականին քանակությամբ խեցգետին կար, վերջին երկու տարիներին տեսել ենք մեկ կամ երկուսը միայն: Ե՛վ քանակն է զգալիորեն պակասել, և՛ չափսերն են փոքրացել: Նաև ուրիշ կենդանիների թիվն է աճում՝ բակապլավի, փոքր խեցգետինների նման են, կրիվետկայի նման, շատ փոքր, գնալով շատանում են: Դրանք ձկան կեր են, բայց ձուկ չկա, որ կերը ուտի: Սրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ ջրի սնման շղթան գուցե խանգարված լինի: 
 
Բացի այդ՝ լճում հայտնաբերվել են որսորդական հին պարագաներ, ձուկ որսալու ցանցեր, տարատեսակ պլասմասե տարաներ, որոնք զբոսաշրջիկներն են թողնում ափին, ինչն էլ հետո հայտնվում է ջրի մեջ: Այս տարի նույնիսկ գործող ցանցավանդակներ՝ խեցգետնորսիչներ ենք հայտնաբերել,  քանի որ խեցգետնի քանակը քիչ է, երկար են թողնում, հետո երբ հանում են, մի մասն արդեն սատկած են, ցանցերի մեջ ձուկ էլ է լինում, օձ էլ, մի սարսափելի վիճակ է»,-նկատեց Ստեփան Կոջոյանը:
 
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանն էլ նշեց, որ ցիանոբակտերիալ տաքսոնները, որոնց ծաղկման հետևանքով Սևանը կանաչել է, վտանգավոր են հատկապես քաղցրահամ ջրերի համար: Նա իրեն հետ բերել էր լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկած ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա, կամ կարելի է այն հանգիստ խմել: Ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն ուներ.«21-րդ դարն ամբողջությամբ ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես քաղցրահամ ջրի առաջնայնության դար։ Այսօր քաղցրահամ ջրի գինը համեմատում են նավթի գնի հետ։ Գլոբալ տաքացումը պատճառներից մեկն է միայն: Կա կոյուղաջրերի խնդիրը, որոնք թափվում են Սևանա լիճ, ինչպես նաև պետք է ջրի մակարդակը բարձրացնել: 
Ծաղկումն առաջացրել են Անաբենա ցեղին պատկանող տեսակները, դրանք կապտականաչ տաքսոններ են, որոնք որ շատ մեծ վտանագներ են առաջացնում ջրային համակարգերում, հատկապես՝  քաղցրահամ ջրում: Սևանա լճի երկու հատվածն էլ  պատված է եղել ծաղկումով՝ գրեթե ամբողջությամբ՝ և՛ ափամերձ, և՛ խորքային հատվածները: Դրա մասին վկայում են մեր ուսումնասիրած նմուշները:
 
Ընդհանրապես ծաղկումներն ունեն որոշակի ընթացք, որոշ տեսակների գերզարգացումը բերում է որոշակի պիկի: Օբյեկտը մանրադիտակային է, բայց դրա արդյունքում նրանք տեսանելի են դառնում: Ջրի գունավորումն է փոխվում՝ կանաչավուն է դառնում, ափամերձ հատվածներում այդ կուտակումներն էլ պայմանավորված են նրանով, որ հսկայական զանգվածը ջրի հոսքի, քամու ազդեցությամբ տեղափոխվել է և կուտակվել են ափամերձ գոտիներում: Էնտեղ նրանք քայքայվում են, տհաճ հոտ են առաջացնում»,-ասաց Լուսինե Համբարյանը, հավելելով, որ շատ բարդ է ասել, թե այդ վիճակը որքան կտևի: Հիմնականում այդ ծաղկումները տևում են 1-3 ամիս։
Նա նաև նշեց, որ ջրիմուռների մեջ կուտակված  օրգանական նյութը քայքայվելուց հետո լրացուցիչ ազոտի քանակություն է վերադարձնելու ջրին որն էլ նպաստում է ջրի ճահճացմանը:
Կլոդ Թուլումջյանն էլ կարևորեց խնդրի նկատմամբ լուրջ մոտեցումն ու պետական մակարդակով միջամտելու անհրաժեշտությունը. «Սևանա լճում այսօր արդեն կա լուրջ խնդիրներ, պետական մակարդակով ամեն ինչ պետք է անել, Սևանը չկորցնելու համար»,-ասաց Կլոդ Թուլումջյանը:
 
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդները իրենց հետ բերել էին մամռակալած կրակայրիչ. «Սա գցել ենք Սևանա լճի մեջ, և ժամանակի ընթացքում սպունգ է աճել: Սպունգ լինելը ջրի մեջ լավ նշան է, այն ֆիլտրացիա է անում ջուրը, բայց սպունգի այսքան շատանալը զարմանալի է»,- նկատեց  Վահե Մելքանյանը: 
«Մենք նկատել ենք նաև մեծ քանակով սպունգ: Ջրի տակ սպունգ է լինում, դա առաջ շատ քիչ՝ ժայռոտ տեղերում կարելի էր տեսնել, հիմա համատարած է՝ ժայռերի վրա, ավազի վրա,  բույսերի վրա»,- հավելեց Ստեփան Կոջայանը:
Իսկ Լուսինե Համբարյանն էլ նշեց, որ սպունգի ավելացումը վկայում է ոչ թե նրա մասին, որ Սևանը մաքրվում է, այլ, որ աղտոտվածությունն այն աստիճանի է, որ խնդրին լուրջ պետք է վերաբերվել: Մարդու միջամտության արդյունքում լճում հայտված աղբը սպունգը չէ, որ կարող է մաքրել: Միայն մարդը պետք է դա անի:
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ
Սևանը վտանգված է, հնարավոր է նաև ճահճացում. Ահազանգում են մասնագետները. Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր