Պետպատվերով բուժվողների հատկացումներն բարձրացնելուց հետո էլ եթե որևէ բժիշկ նրանցից գումար պահանջի...

Անդրադառնալով առողջապահական ոլորտում կոռուպցիոն երևույթներին՝ նշեց, որ չի բացառում ոլորտում կա կոռուպցիա, սակայն մեկ նկատառում արեց. «Այն բժիշկը, որ հիվանդի հարազատից, թեկուզ հենց պացիենտից, հայցում է որոշակի գումար, ես դա ոլորտի կոռուպցիա չեն համարում, այլ՝ ապօրինի եկամուտ: Այդ երևույթը կա: Եթե այդ դեպքերը արձանգրվում են կոնկրետ մարդկանց կողմից, նրանք պատժվում են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրադարձությունները ցույց են տվել, որ իրենց 100 տոկոսով չի հաջողվել վերացնել կոռուպցիան, սակայն այդ ուղղությամբ բոլոր քայլերն արվում են: «Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով և պատժում»,- շարունակեց նա:
Անդրադառնալով պետպատվերի շրջանակում բուժվող քաղաքացիների խնդիրներին և այդ ծրագրով գործող բուժհաստատությունների ծառայությունների որակին, տրամադրվող բուժօգնությանը, Ա. Թորոսյանը նշեց. «Հաջորդ տարի, եթե բյուջետային հայտը գոհացնի և մեր ցանկությունները հաջողեն, ապա պետպատվերով բուժվող հիվանդների գներն այնքան կբարձրացնենք, որ որևէ բժիշկ նրանցից լրացուցիչ գումար չի ուզի, իսկ եթե այդ դեպքում էլ ուզեն, ես դա կհամարեմ խիստ հանցագործություն»,- ասաց նախարարը:
Այնուհետև անդրադարձ եղավ Գարդասիլին. «Ինձ հասկանալի է այն մոտիվը, որով որ ուռճացվում է այս թեման, որովհետև շատ բան չի մնացել կպնելու, հիմա էլ որոշել եք վերադառնալ այս հարցին, խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ: Պատասխանը հետևյալն է, ՀՀ-ն որոշել է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, ինչպես աշխարհի շատ երկրներում, քանի որ այս հիվանդությունը տարեկան 120 կնոջ կյանք է տանում, և դրվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ, կոնկրետ այս դեպքում՝ Գարդասիլ 4-ը: ՀՀ-ն շարունակելու է իր քայլեն այդ ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ անհիմն գնահատականներից»,- անդրադառնալով Գարդասիլ պատվաստանյութի հետ կապված տարակարծություններին, այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:«Ես հերքում եմ, որ կա որևէ հիմնավորված կասկած այդ պատվաստումը չանելու...2007-ին, երբ ես դեռ երեխա էլ չունեի, որոշել էի, որ եթե ունենամ աղջիկ, և եթե Հայաստանում հասանելի չլինի այդ պատվաստանյութը, վերցնելու եմ, իրեն տանեմ այն երկիրը, որտեղ այդ պատվաստանյութը կիրառվում է, և իրեն պատվաստելու եմ այդ երկրում: Բարեբախտաբար, երբ ես լսեցի Հայաստանն էլ է անելու այդ պատվաստումը, ես շատ ուրախացա»,- ասաց նախարարը՝ հորդորելով, որ այս թեմայի հետ կապված՝ մարդկանց տեղեկացնել երկու բանի մասին՝ «անհիմն վախերի և հիմնավոր փաստերի»: