Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

29 հոկ 2019 11:57

BBC-ն չի փայլել արցախյան հիմնախնդրի հարցում անկողմնակալությամբ.մեսիջներ, որոնք պաշտպանում էին վարչապետի քաղաքական գիծը

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդման լրագրող Սթիվեն Սակուրին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Պատճառը Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտած տեսակետներն են, ավելի շուտ այն հայտվածը, որտեղ լրագրողի՝ «Բայց պետք է ճանաչենք միջազգային իրավունքը» հարցին Հայաստանի արտգործնախարարը տալիս է հետևյալ պատասխանը․«Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները։ Մենք․․․»։


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե դիվանագիտական ինչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ արտգործնախարարի պատասխանը, հնարավո՞ր է, որ նախարարը հրաժարական տա իր պաշտոնից։
«Եթե անգամ հարցազրույցը լինի ամենաչստացվածը, ապա դրա համար հրաժարական չեն տալիս, հրաժարական տալիս են լուրջ վրիպում, լուրջ սխալ թույլ տալու դեպքում։ Այդ հարցազրույցի պատասխանները կարող են մեզ դուր գալ, կարող են դուր չգալ, ոմանք կարող են ավելի սուր պատկերացնել, բայց դրանք չեն կարող նախարարի հրաժարականի համար հիմք դառնալ։ Կան մի քանի մեսիջներ, որոնք նա տվեց հաղորդման ընթացքում, և դրանք ակնհայտորեն պաշտպանում էին վարչապետի քաղաքական գիծը։ Ակնհայտորեն հաղորդավարը փորձում էր սայթաքեցնել ՀՀ արտգործնախարարին այն առումով, որ եթե Հայաստանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ապա այդ դեպքում ինչի շուրջ է բանակցում, երբ կարգավիճակի հարցն իր համար փակ է։ Նախարարն, ըստ էության, պաշտպանելով վարչապետի դիրքորոշումը, ասաց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների, եթե Ադրբեջանից փոխզիջման հանձնառության հստակ ուղերձ ստանա։ Սա այն է, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է։ Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այլ խոսքեր ևս, որ լուծումները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հասարակությունների համար։ Նա պնդեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված բանակցությունների վերսկսման հարցում, եթե Ադրբեջանը կառուցողական տրամադրվի, այսինքն՝ որևէ վրիպում թույլ չի տվել։ Հիմա, ասենք, եթե արցախյան ազատամարտի հետ կապված որևէ պատասխան դուր էլ չգա, միևնույն է, դա չէ էությունը։ Էությունն այն է, որ այն երկու խոշոր խնդիրները, որոնք իր առջև դրել է ՀՀ կառավարությունը Արցախյան հակամարտության հարցում, դրա մասին խոսվել է։ Դա Արցախի կարգավիճակի որոշումն է և Արցախի անվտանգության միարժեք որոշումը, ընդ որում՝ այդ անվտանգության համար շեշտելով Հայաստանի դերակատարությունը։ Այն հարցում, որը վերաբերում է բանակցային պրոցեսին, նախարարը որևէ վրիպում թույլ չի տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Սաֆարյանը։


Նկատեցինք, որ BBC-ն մոտ երկու ամիս առաջ իր ուշադրության կենտրոնում էր պահել Հայաստանն ու մի առանձին հրապարակում նվիրել Մարտի 1-ի իրադարձություններին։
Արդյո՞ք դրանով Մեծ Բրիտանիան իր որոշակի քաղաքական հետաքրքրությունները չի դրսևորում Հայաստանի նկատմամբ։
«Քանի որ Անգլիան դուրս է գալիս Եվրամիությունից, բնականաբար ունենալու է իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Եկեք չմոռանանք, որ BBC-ն չի փայլել արցախյան հիմնախնդրի հարցում անկողմնակալությամբ, ինչը պայմանավորված է Ադրբեջանում ունեցած նավթագազային շահերով։ Հիմա, եթե հաղորդավարն իրեն դրսևորում է պրոադրբեջանական դիրքերից, դրա համար Հայաստանի նախարարը չէ, որ պետք է հրաժարական տա։ Պետք չէ միամիտ լինել՝ ասելով, որ Անգլիան որդեգրել է պրոադրբեջանական կուրս։ Անգլիացիներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղություն, կարևոր է, որ չլինեն պատերազմի ռիսկեր, և նավթագազային իրենց նախագծերն ունենան շարունակություն։ Վերջին տարիներին Անգլիայի և Իլհամ Ալիևի վարչակազմի հարաբերությունները չափազանց բարդ են եղել։ Հավանաբար հիշում եք, թե ինչպիսի հրապարակումներ եղան թե՛ BBC-ում, թե՛ անգլիական այլ լրատվամիջոցներում նրա ընտանիքի և բիզնեսների վերաբերյալ, փողերի լվացման դեպքերով։ Անգլիացիներն ունենալու են ինքնուրույն քաղաքականություն, որը չես անվանի պրոադրբեջանական, բայց պրոհայկական էլ չի լինելու։ Նրանք խաղալու են բոլորի հետ՝ պահպանելու համար տարածաշրջանային խաղաղությունը՝ հանուն էներգետիկ և այլ նախագծերի։ Այնպես որ, դա չի նշանակում, թե Անգլիայի քաղաքականությունը պրոադրբեջանական է»,- արձագանքեց Ստեփան Սաֆարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր